Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

Երկիր, որտեղ աբսուրդը այլևս գրական ժանր չէ, այլ պետական կառավարման մոդել

Երկիր, որտեղ աբսուրդը այլևս գրական ժանր չէ, այլ պետական կառավարման մոդել
31.01.2026 | 16:02

Բանաստեղծական երանգով մատուցվող Աստվածաշնչյան ճշմարտությունը՝ «այր ու կին մի մարմին», ոմն զույգի յուրաքանչյուր արաքից հետո սյուրռեալիստական նոր ու ճարպեղ գույներով է խտանում։

Անբնական, լպիրշ ու սահող գծերով փորձում են դրվագել զուգահեռ իրականություն, որտեղ կհաջողվի հանրային դժգոհությունը մարել էսթետիկական մանիպուլյացիաներով՝ «Վարչաբենդ» խաղացնելով, ձեռքն ընկածին «կրթելով», «կարդալ» սովորելու խրատներ տալով։

Յուրաքանչյուր նման հնարք ավելի է թանձրացնում ճարպեղ շերտը, հանրությանը ստիպելով ապրել մի աշխարհում, որտեղ աբսուրդն այլևս գրական ժանր չէ, այլ պետական կառավարման մոդել։

Եթե բիբլիական հանրահայտ բանաձևումը դասական իմաստով նկատի ունի արական-իգական ամբողջության հոգևոր ու բարոյական միասնությունը, ապա քննարկվող տարբերակում, այդ միասնականությունն իրականությունից կտրվելու իմաստ ու երանգ է ստանում։

Իշխող զույգի լծակցությունը նույն ուժով և նույն ուղղությամբ է քաշում «աբսուրդի սայլը»։

Սրանց յուրաքանչյուր խոսք ու քայլ միշտ նույն, համատեղ ուժերով գրված սցենարի բեմադրությունն է, միայն տարբեր ժանրերով։

Եթե ամուսինը թմբուկ «ծեծելով» է խլացնում իրականության ճիչը, ապա կինը «գիրք կարդալու» դասերով է փորձում խմբագրել մարդկանց վիշտը։

Բռնապետական բուրգի գագաթին հայտնված արարածները՝ արու և էգ հատվածով, իրենց աբսուրդի թատրոնում հետաքրքիր դերաբաշխում են կատարել։

Ամուսինը՝ համատեղությամբ իբր վարչապետը, «պարզունակության» մարմնավորում է՝ հեծանիվ, ձվածեղ, թմբուկ, «անմեղ» զբոսանքներ փողոցներում, խանութներում ու տրանսպորտում։

Նման վարքագիծն անմիջական «ուղերձ» է առ այն, թե․ «Ժողջան, Հայաստանում արտառոց ոչինչ չի կատարվում։ Ես էլ ձեզնից մեկն եմ, որն ուտում է, զբոսնում, ուրախանում»։

Սա պոպուլիզմի ծայրահեղ դրսևորում է, որ անտաղանդ թմբուկահարի լեզվից թարգմանաբար կնշանակի՝ հաղագս «ժողովրդավար» տիտղոսի, պետականության նշաձողն իջեցնել մինչև կենցաղային մակարդակ։

Եվ ո՞րն է արդյունքը․ ողբերգությունը զրկվում է իր կատարսիսից, իսկ հաղթանակը՝ արժանապատվությունից, ինչի ականատեսը դարձանք հունվարյան անցած մի քանի օրերին։

Հընթացս կինը ներկայանում է, որպես ազգի գլխին կարգված «վերնախավային» դաստիարակ՝ չինարեն, պարտադիր-կամավոր սկզբունբով կազմակերպվող վճարովի էլիտար ընթրիքներ, «նորաձև» կարդալու և կրթվելու հորդորներ։

Սրա խաղացած կերպարն էլ «վերևից» է «ուղերձ» հղում թե․

«Այնքան տգետ եք, որ չեք հասկանում մեր վեհ նպատակները։ ՈՒզում ենք կրթել պրիմիտիվների ձեր հոտին։

ՈՒզում ենք, որ դուք էլ հաղորդակցվեք մեր դավանած բարձրագույն արժեքներին»։

Սրանց վարքագիծը հուշում է, որ իրենց համար գոյություն չունի «ժողովրդի ցավ» ասվածը։

Որովհետև այդ «ցավը» չի տեղավորվում նրանց գծած «նորաձևի» շրջանակներում։ Այդ «ցավն» իրենց կառուցած «իրական» Հայաստանում «նախկիններից» ժառանգած «անցյալի մնացուկ է»։

Իրենց «թագավորական բարձունքից» նրանք խորապես արհամարհում են չգրված, բայց բարոյական ուժ ունեցող «մանրուքներ»․

երբ մարդը ցավից տառապում է, իսկ հարևանությամբ թմբուկ են խփում, նյարդայնացնող է։

Երբ մարդը սգում է, իսկ նրան ստիպում են «նորաձև» կարդալ, խելագարեցնող է։

Հայտնի զույգը, սակայն, ստեղծել է այնպիսի էսթետիկական վակուում, որտեղ ոչ միայն հակադրվում են «հարուստ բարձունքից» տրված բարոյական դասերն ու ներքևում տիրող աղքատությունը, անորոշությունը, այլև նման «դիրեկտիվները» բացարձակ աղերս չունեն ժողովրդի իրական զգացմունքների հետ։

Սա սեփական հանրությանը որպես «կրթվելու ենթակա զանգված» դիտարկելու մոտեցում է, որտեղ ուսուցիչը՝ իշխանությունը, միշտ ճիշտ է, նույնիսկ եթե նրա ձեռքին թարս բռնած գրքի փոխարեն թմբուկի փայտիկներ են։

Քաղաքական այս զուգապարը հիշեցնում է նախորդ դարի վերջին քառորդում խաղարկված ծանոթ մի սցենար՝ արյունոտ ավարտով, որտեղ ևս ամուսինների միասնական գործելաոճն ուղղված էր ոչ թե պետության փրկությանը, այլ սեփական աբսուրդի լեգիտիմացմանը։

Դրանց նմանությամբ հայաստանյան դուետը ևս, մի մարմին ու մի կամք դարձած հետևողականորեն կառուցում է զուգահեռ իրականություն, որտեղ հեծանիվը, խոզի խորովածն ու չինարենն ավելի կարևոր են, քան ամենօրա ռեժիմով երկրին նետված ու նետվող մարտահրավերները։

Հայոց պետականության ողբերգական այս փուլում իշխող զույգի ընտանեկան բիզնես- համագործակցությունը վերածվել է սյուրռեալիստական այնպիսի շոուի, որտեղ ամուսինների «ձեռնարկատիրական» հմտությունները՝ թմբուկից մինչև սոցցանցային գրառումներ, լրացնում են միմյանց, ստեղծելով բացարձակ անտարբերության միասնական պատկեր։

Բայց եթե նրանք «մի մարմին» են իրենց գործողություններում, նշանակում է միասնական են նաև այդ գործողությունների հետևանքների պատասխանատվության պարագայում։ Ժողովրդի համար այլևս տարբերություն չկա՝ հեծանիվն է նյարդայնացնում, թե չինարենի դասը, որովհետև ընկալվում է որպես մեկ միասնական արհամարհանք հանրային ողբերգության նկատմամբ։

Հայաստանը սկսել է նմանվել խորտակվող նավի, որի նավապետն ու կինը տախտակամածին վիճում են՝ Էրդողան կարդա՞լն է «նորաձև», թե՞ թմբուկ նվագելը։

Սա «աբսուրդի» գագաթնակետն է՝ իշխանությունը ոչ թե լուծում է իր իսկ մեղքով առաջացած բազում ու բազմաբնույթ խնդիրները, այլ հարուստ ու շքեղ կյանքի բարձունքներից դասախոսություն է կարդում անելանելիությունից խեղդվողներին՝ մեղադրելով նրանց անբավարար «ինտելեկտուալ» լինելու մեջ։

«Դասախոսական» նման ուղղվածությունը, որ և՛ «մարտավարություն» է, և՛ անձնական ամբիցիաների դրսևորում, վաղու՜ց դուրս է եկել վերահսկողությունից։

Այս երկու գործոնների միախառնումն էլ ստեղծել է այն ահագնացող փոթորիկը, որի մեջ այսօր հայտնվել է հայաստանյան հասարակությունը։

Երբ քաղաքական սառը հաշվարկը բախվում է անձնական անսահմանափակ ամբիցիաներին, ծնվում է իրականություն, որտեղ քաղաքացին այլևս սուբյեկտ չէ, այլ ընդամենը «դեկորացիա»՝ իշխող զույգի ինքնահաստատման ու առաջընթացի ճանապարհին։

Վտանգավոր համադրություն, որը վկայում է՝ սրանց որդեգրած «մարտավարությունը» լա՛վ էլ գիտակցված աբսուրդ է։ Ինչը քաղաքական զինանոցի հին տեխնոլոգիաներից է՝ հանրությանը որպես փորձարկվող «օբյեկտ», վարժեցնել ցանկացած մակարդակի անլրջության։

Եթե կարողանում ես ստիպել, որ համընդհանուր քննարկման նյութ դառնան «Վարչաբենդ» տխմարությունդ կամ թշնամուդ ուղղված շնորհակալությունը, ճիշտ այն ժամանակ, երբ երկիրդ անվտանգային լուրջ խնդիրներ ու տարածքային կորուստներ ունի, դու մտածված սպանում ես քննադատության հավաքական միտքը։

Ինչո՞վ ուշադրություն շեղելու դասական հնարք չէ՝ կուտակված էներգիան դժգոհ զանգվածը պարպում է «արշավների», դիսկոտեկների «նորաձև կարդալու» մասին գրառումները հայհոյելու, անիծելու, անգամ վիրտուալ մահապատիժ իրականացնելու վրա։

Ներուժի մնացած չափաբաժինն այլևս չի բավականացնում կենտրոնանալ ու զբաղվել համակարգային փոփոխությունների անհրաժեշտության խնդրով։

Իսկ սրանց՝ վերահսկողությունից դուրս եկած «էգո»-ն, ոչ միայն թույլ չի տալիս տեսնելու սեփական գործողությունների ծաղրելի կամ ողբերգական կողմը, այլև ստիպում է քաղաքականությունը վերածել անձնական թատրոնի։

Երբ տիկինը գրում է․

«Առաջարկում եմ այսուհետ «Բարև»-ից հետո «ոնց ես»-ի փոխարեն իրար հարցնենք` «հիմա ի՞նչ ես կարդում» և հավելում՝ «Ոնց ես»-ը քիչ մը ձևական և ավելորդ հարց է, որովհետև բոլորս հրաշալի տիրապետում ենք` ով ոնց է», նա անկեղծորեն հավատում է՝ ինքը մեսիա է, որ եկել է «կրթելու այս տգետ զանգվածին»։

Սա հոգեբանական խզվածք է, որտեղ սեփական անձը դիտվում է որպես բարոյական բարձրակետ, իսկ ժողովրդական զանգվածները՝ որպես «վարժեցման ու վերադաստիարակման ենթակա ճագարներ»։

Երբ ամբիցիաները հաղթում են նույնիսկ քաղաքական սառը հաշվարկին, իշխանությունը սկսում է թույլ տալ ճակատագրական սխալներ։

Թմբուկը կամ «նորաձև կարդալու» դասերն այնքան են հակասում ժողովրդի ներքին ցավին, որ երկուստեք դառնում են ինքնաոչնչացման գործիքներ։

Սա այլևս PR չէ, սա ինքնամեկուսացում է «ոսկե վանդակում», որտեղ պատերը կառուցված են ֆեյսբուքյան լայքերից և վարձատրվող ֆեյքերի «արցունքներ քամող» հաճոյախոսություններից ու սիրո խոստովանություններից։

Հենց այստեղ է թաքնված ողբերգությունը։

Երբ մարտավարությունը դառնում է զուտ ամբիցիաների սպասարկու, պետականությունը վերածվում է անձնական բլոգի, որտեղ երկրի ճակատագիրն ընդամենը հերթական «ճապաղ խրատի» կամ «Lav Stori»-ի թեմա է դառնում։

Երբ ղեկին կանգնածները սեփական ամբիցիաներն ավելի բարձր են դասում, քան պետության լրջությունը, աբսուրդը դառնում է անուղղելի հաստատուն։

Այն է՝ հասարակությունը զարմանալով հանդերձ ոչ թե վատից, մահաբերից ձերբազատվելու ուղիներ է փնտրում, այլ ընդամենը հարմարվում է, ինչն էլ ավետում է պետականության կազմալուծման վերջին փուլը։

Թերևս, ասվածի ապացույցն է ներկա իրողությունը։

Որքան էլ ցավալի է՝ հայ հանրության ամենամեծ հիասթափությունն այսօր ոչ թե քաղաքական ձախողումներն են, հայրենիքի կորուստն ու տասնյակ հազարավոր չապրած կյանքերը, այլ հենց այս էսթետիկական ու մարդկային անտաշությունը, որը մատուցվում է որպես «բարձրագույն արժեք»։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 280

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ